National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.02.2007
Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքը

Ազգային ժողովի` փետրվարի 21-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունվեցին նախորդ նիստում քննարկված 20 օրինագծեր: Քվորումի բացակայության պատճառով չընդունվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քննարկվեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:

Առաջարկվող փոփոխություններով հստակեցված են  Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության եկող անձանց անձնական օգտագործման գույքի համար մաքսային արտոնություններ նախատեսող դրույթները, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ենթակա լինելու դեպքերը, խմբագրված են ինքնահայտարարագրման համակարգի ներդրմանը խոչընդոտող դրույթները, կարգավորված են մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնելուն առնչվող դեպքերը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանի գնահատմամբ` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված են օրենքի համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություններ, սակայն այն չի սահմանում հսկողություն իրականացնելու հստակ մեխանիզմներ. ներկայացված նախագիծը ապահովում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտում այդ իրավասությունների` իրավական հիմքերով իրականացումը: Օրենքի նախագծում փոփոխություններ են կատարվել առեւտրի ձեւերի հստակեցման նպատակով` սահմանելով անհրաժեշտ հասկացություններ եւ դրանց նկատմամբ համ ապատասխան պահանջներ: Հստակեցված են նաեւ այս ոլորտում պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները:

ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բանկային ոլորտին վերաբերող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող մի քանի օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթով սահմանվում է բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցողի դրամական պարտավորության նոր չափ` բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի  5 տոկոս եւ ավելի չափով պարտավորությունը փոխելով 20 մլն դրամի` դրանով իսկ հավասար պայմաններ ստեղծելով խոշոր պարտավորություն ունեցողների համար: Իսկ բանկի, նրա ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների պահանջների խախտումների եւ ԿԲ կողմից նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների  մասին որոշումների հրապարակումը բանկային գաղտնիք չդիտարկելը, ըստ պարոն Սարգսյանի, կնպաստի հասարակության եւ բանկի առջեւ նրանց բարձր պատասխանատվության  գիտակցմանը եւ կունենա իրավախախտումների կանխարգելման նշանակություն:

Ոլորտին վերաբերող մեկ այլ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվում է, որ ընկերության թողարկած պարտատոմսերի անվանական արժեքների գումարըչպետք է գերազանցի այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը` պարտատոմսեր թողարկելու համար:

Պարոն Սարգսյանը ներկայացրեց նաեւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2007 թվականի տարեկան ծրագիրը` անդրադառնալով դրամավարկային քաղաքականության ռազմավարությանը, ուղղություններին, որոնցով ԿԲ-ն առաջնորդվում է գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու համար: Նշվեց, որ գնաճի նպատակադրման ռազմավարությունը իրականացնելիս ԿԲ-ի հիմնական եւ առաջնային նպատակը գների կայունության ապահովումն է, որպես գնաճի ցուցանիշ սահմանվում է ընդհանուր գնաճը` սպառողական գների ինդեքսի աճը, որպես անվանական խարիսխ` գնաճի կանխատեսված մակարդակը, որպես գործառնական նպատակընդունվում է կարճաժամկետ տոկոսադրույքը, որպես դրամավարկային քաղաքականության հիմնական միջոց կիրառվում է վերաֆինանսավորման գործառնությունը: Դրամավարկային քաղաքականության թափանցիկության ապահովման առումով կարեւորվեց նաեւ գնաճի հաշվետվությունների հրապարակումը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», երրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին», «Դատախազության մասին», «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին», «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին», «Ավիացիայի մասին» օրինագծերը:

Երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` փետրվարի 22-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am